«Մեկ օր մեկ թեմում»

 «Մեկ օր մեկ թեմում»

2012թ. հունիսի 8-ին կմեկնարկի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կազմակերպվող «Մեկ օր մեկ թեմում» քարոզչական-հովվական մեկօրյա ծրագիրը: Ծրագիրն այս անգամ կիրագործվի Արմավիրի թեմում, սակայն կունենա շարունակական բնույթ և կկազմակերպվի նաև Հայաստանյան մնացյալ թեմերում: Ծրագրին մասնակցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, այդ թվում նաև հոգևորականներ սփյուռքի թեմերից, ինչպես նաև մի շարք հոգևորականներ Արարատյան Հայրապետական, Արագածոտնի և Կոտայքի թեմերից: «Մեկ օր մեկ թեմում» ծրագրի ընթացքում մասնակից հոգևորականները, թվով շուրջ 120 հոգի, հունիսի 8-ի առավոտյան ժամը 09:00-ին Մայր Աթոռից կմեկնեն դեպի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղ, որտեղ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվելիք ընդհանրական աղոթքից հետո կմեկնեն իրենց բաժին ընկած գյուղական համայնքներում քարոզչական ծրագիրն իրագործելու:

Ծրագրի ընթացքում նախատեսվում է այցելել Արմավիրի, Էջմիածնի և Բաղրամյանի տարածաշրջանների ավելի քան 70 գյուղական համայնք` շեշտը դնելով հատկապես հեռավոր այն համայնքների վրա, որտեղ եկեղեցիներ չկան և հոգևորականների այցելություններն առավել սակավ են: Քարոզչական ծրագրի ընթացքում հոգևորականները կունենան մի շարք հանդիպումներ ժողովրդի հետ, կայցելեն զոհված ազատամարտիկների, սոցիալապես անապահով ընտանիքների և հաշմանդամների տները, կկատարեն տնօրհնեքներ, կայցելեն նաև կրթական-մշակութային հաստատություններ, հիվանդանոցներ և այլն:

Քարոզչական ծրագրի նպատակն է Քրիստոսի լույս հավատքը մեր ժողովրդի զավակներին փոխանցելը և հոգևորականների հետ առավել սերտ շփման ու փոխադարձ ճանաչողության առիթ տալը:

Ծրագրի ավարտին հոգևորականները կվերադառնան Մայր Աթոռ` մասնակցելու համար Երեկոյան ժամերգությանը: